Logo

Վազգեն Թևանյանը՝ Եվրոպայի չեմպիոն

21:09 / 18.04.2023Ըմբշամարտ
null

Աշխարհի գավաթակիր Վազգեն Թևանյանը (65 կգ) Եվրոպայի Մ17, Մ20 ու Մ23 առաջնություններում հաղթանակներին ավելացրեց նաև մեծահասակների չեմպիոնի տիտղոսը։

23-ամյա ըմբիշը չեմպիոն դարձավ Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում: Եզրափակիչում Թևանյանը 12-1 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ Բուլղարիայի ներկայացուցիչ Միկյայ Սալիմ Նաիմի նկատմամբ:

Առաջին մրցափուլից հետո հայ ըմբիշը պարտվում էր 0-1 հաշվով, սակայն երկրորդում շտկեց իրավիճակը։ Գոտեմարտն ավարտվեց նախատեսվածից 10 վայրկյան շուտ, քանի որ Թևանյանը ստացել էր 11 միավորի առավելություն։

Վազգեն Թևանյանը նախօրեին պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից՝ 10-0 հաշվով պարտության մատնելով Իսրայելը ներկայացնող Ջոշուա Սթյուարտին: Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը 4-1 հաշվով առավելության էր հասել ադրբեջանցի Ալի Ռահիմեադայի նկատմամբ, իսկ կիսաեզրափակիչում 12-4 հաշվով հաղթել էր Ուկրաինան ներկայացնող հայ ըմբիշ Էրիկ Առուշանյանին, որը բրոնզե մեդալի համար գոտեմարտում հաղթեց ադրբեջանցի Ալի Ռահիմեադային:

Սա Հայաստանի հավաքականի առաջին մեդալն է Զագրեբում ընթացող Եվրոպայի առաջնությունում: 

Քիչ անց բրոնզե մեդալի համար կգոտեմարտի Արման Ավագյանը (79 կգ):

Հիշեցնենք, որ Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը (61 կգ) քիչ առաջ դուրս էր եկել եզրափակիչ:

Հրայր Ալիխանյանը (74 կգ) քառորդ եզրափակիչում 0-3 հաշվով պարտվել էր Սլովակիան ներկայացնող Թայմուրազ Սալկազանովին, որը հասել է եզրափակիչ՝ հնարավորության տալով հայ ըմբիշին շարունակել պայքարը բրոնզե մեդալի համար: Ապրիլի 19-ին Ալիխանյանը Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող Ռասուլ Շապիևի հետ կանցկացնի սփոփիչ գոտեմարտ, որտեղ հաղթելու դեպքում վրացի ըմբիշ Ավթանդիլ Կենտչաձեի հետ կվիճարկի բրոնզե մեդալը:

Մրցումային երկրորդ օրը մրցագորգ դուրս եկած Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Մուշեղ Մկրտչյանը (86 կգ) որակավորման փուլում 0-10 հաշվով պարտվել էր մոլդովացի Գեորգի Ռուբաևին և դուրս մնացել հետագա պայքարից։

Մրցումային առաջին օրը պայքարը սկսած Հայաստանի մյուս երեք ըմբիշները պարտվել են և դուրս մնացել հետագա պայքարից։ 

1/8 եզրափակիչից մեկնարկած Մանվել Խնձրցյանը (57 կգ) 5-8 հաշվով պարտվել է Բուլղարիան ներկայացնող Գեորգի Վանգելովին։

Արման Անդրեասյանը (70 կգ) պայքարը սկսել է քառորդ եզրափակիչից, որտեղ 1-2 հաշվով պարտվել է մոլդովացի Վասիլ Դյակոնին։ 

Սերգեյ Սարգսյանը (97 կգ) նույնպես պարտվել է մեկնարկային գոտեմարտում: Հայաստանի ներկայացուցիչը 1/8 եզրափակիչում 0-8 հաշվով պարտություն է կրել գերմանացի Էրիկ Թիլից։

Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած թիմի կազմում մրցավայր է մեկնել 8 ըմբիշ:

Մեդալների սպասումով. Հայաստանի ըմբիշների հնարավորություններն ու գլխավոր մրցակիցները ԵԱ-ում

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա