Logo

ԱԱ-2022-ի մասնակիցները. Կոստա Ռիկան մտադիր է կրկնել 2014-ի հերոսությունը

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
12:49 / 09.11.2022ՍՊՈՐՏ
Բացառիկ
Կոստա Ռիկա

Կոստա Ռիկայի հավաքականն ուղևորվում է Կատար՝ 2014-ի հերոսությունը կրկնելու հույսով: 8 տարի առաջ Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությունում «Լոս Տիկոսն» ապշեցրեց ֆուտբոլային աշխարհին: Կենտրոնական Ամերիկան ներկայացնող հավաքականը հայտնվել էր մահվան խմբում՝ Անգլիայի, Իտալիայի և Ուրուգվայի հավաքականների հետ: Բոլորը սպասում էին, որ հենց կոստառիկացիները կլինեն առաջին թիմը կամ թիմերից մեկը, որ դուրս կմնան հետագա պայքարից, բայց Կոստա Ռիկան դարձավ մրցաշարի անակնկալը՝ հաղթելով Իտալիային և Ուրուգվային, Անգլիայի հետ էլ խաղալով գոլազուրկ ոչ-ոքի: Հետագայում նրանք 11-մետրանոց հարվածաշարում ավելի ուժեղ գտնվեցին Հունաստանի հավաքականից, ու մրցաշարը լքեցին բարձր գլխով՝ միայն քառորդ եզրափակիչում կրկին հետխաղյա հարվածաշարում պարտվելով Նիդերլանդների հավաքականին:

VNews-ը շարունակում է ներկայացնել Կատարում նոյեմբերի 20-ին մեկնարկելիք Մունդիալ-2022-ի մասնակիցներին: Հերթը Կոստա Ռիկայինն է:

Անցած ճանապարհ

Կոստա Ռիկայի անցած ճանապարհը՝ մինչև ԱԱ-2022-ի եզրափակիչ փուլում հայտնվելը, շատ հետաքրքիր ստացվեց: 2021-ի նոյեմբերին թվում էր՝ ամեն ինչ կորսված է. թիմն առաջին 4 խաղերում հաղթանակ չուներ: Բայց այս հավաքականի՝ երբեք չհանձնվելու և մարտնչելու նախանձելի ձգտումը հերթական անգամ վճռորոշ գործոն դարձավ: Նրանք որակավորման փուլի վերջին 7 խաղերից 6-ում հաղթեցին՝ հնարավոր 21 միավորից վաստակելով 19-ը, և հայտնվեցին 4-րդ տեղում, ինչը հնարավորություն տվեց խաղալ միջմայրցամաքային անցումային խաղում: 

Մրցակիցը Նոր Զելանդիայի հավաքականն էր, և Ժոել Քեմփբելի դիպուկ հարվածի շնորհիվ թիմը 3-րդ անգամ անընդմեջ նվաճեց Մունդիալի ուղեգիր:

Կոստա Ռիկա-1

Խաղաոճ

Կոստա Ռիկայի կազմը բավականին «ծեր» է: Խնդիրն այն է, որ թիմի հիմնական կորիզը դեռ կազմում են 2014-ին փայլած ֆուտբոլիստները. Սելսո Բորխեսը, որը խաղերի քանակով հավաքականում ռեկորդակիր է (154), 34 տարեկան է, Կենդալ Ուոթսոնն ու Կեյլոր Նավասը՝ 35, իսկ «Ֆուլհեմի» նախկին աստղը Բրայան Ռուիսը՝ 37, մինչդեռ նոր սերունդը դեռ չի կարողանում համարժեք փոխարինել վետերաններին: Թիմի գլխավոր մարզիչ Լուիս Ֆերնանդո Սուարեսը մեծ դժվարությամբ կողմնորոշվեց կազմի և հատկապես տակտիկայի հարցում: Որակավորման փուլում նա փորձարկեց 40 ֆուտբոլիստի՝ մինչև վերջնական ընտրություն կատարելը: 

Թիմի հիմնական սխեման 4-2-3-1-ն է: Դարպասում, բնականաբար, Կեյլոր Նավասն է: Պաշտպանությունում կլինեն Ֆրանսիսկո Կալվոն, Կենդալ Ուոթսոնը, Կեյշեր Ֆյուլերն ու Բրայան Օվիեդոն, միջին գծում՝ Սելսո Բորխեսն ու Յելցին Տեխեդան, եզրերում՝ Խերսոն Տորեսն ու Յոհան Վանեգասը, հարձակման գծում Սուարեսը պետք է ընտրություն կատարի փորձառու Ժոել Քեմփբելի ու երիտասարդ Էնթոնի Կոնտրերասի միջև:  

Կոստա Ռիկան, գուցե, կարողանում է գոհացնող արդյունքներ ապահովել, բայց ցուցադրում է պրագմատիկ ու աչքին ոչ այնքան հաճելի ֆուտբոլ: Թիմն ավելի շատ հակված է պաշտպանությանը, նրան գոլ խփելը հեշտ չէ, քանի որ առանց գնդակի «Լոս Տիկոսն» անցնում է քանակական խորը պաշտպանության, բայց հարձակման գծում էլ խաղի ընթացքում վտանգավոր պահեր շատ չի ստեղծում ու շատ գոլեր չի խփում: Սրա մասին վկայում է վիճակագրությունը որակավորման փուլում. 14 խաղից 8-ում թիմն առավելագույնը խփել է 1 գոլ: 

Կոստա Ռիկա-2

Կոստա Ռիկայի գլխավոր խնդիրը դաշտի միջին գծում նախաձեռնությունը մրցակցին զիջելն է ու գնդակով թիմային դանդաղ տեղաշարժը: Այս թիմն ապավինում է խաղի ընթացքում եզակի պահերն իրացնելուն, ստանդարտներն արդյունավետ օգտագործելուն և թոփ դարպասապահի սեյվերին:

Մարզիչը

Լուիս Ֆերնանդո Սուարեսը նշանակվեց Կոստա Ռիկայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում 2021-ի հունիսին, երբ թիմն արդեն դժվարին իրավիճակում էր: Նա փոխարինեց Ռոնալդ Գոնսալեսին:

Լուիս Ֆերնանդո Սուարեսի համար սա 3-րդ աշխարհի առաջնությունն է: 62-ամյա մասնագետը 2006-ին առաջնորդում էր Էկվադորի հավաքականին, և նրանց հասցրեց մինչև 1/8 եզրափակիչ: 2014-ին Սուարեսը Բրազիլիա տարավ արդեն Հոնդորուասի հավաքականին, որի պատմության մեջ դա 3-րդ մասնակցությունն էր Մունդիալներում, իսկ հիմա հերթը Կոստա Ռիկայինն է: 

Կոստառիկացիների համար ամենածանր պահին կոլումբացի մասնագետը կարողացավ համախմբել թիմի վետերաններին, հաղթական մթնոլորտ ապահովել հանդերձարանում և իր վստահությունը փոխանցել Ջյուսոն Բենեթի ու Էնթոնի Կոնտրերասի պես երիտասարդներին, ու արդյունքում անհավանական դրությունից կարողացավ թիմի համար ապահովել Կատարի ուղեգիր: Սուարեսը յուրաքանչյուր խաղից առաջ և հետո թիմի հետ երգում էր ’Añita Mikilona’ («Միասին՝ մինչև վերջ») երգը, ու նմանատիպ դետալները որակավորման փուլում շատ օգնեցին թիմին:

Սուարես

Գլխավոր աստղը

Լուիս Գաբրիելո Կոնեխոյի հրաշալի խաղը դարպասում մեծ դեր խաղաց Կոստա Ռիկայի հավաքականի՝ 1990 թվականին Իտալիայում կայացած Մունդիալի հաջողություններում. այդ ժամանակ թիմը հերթական սխրանքը գործեց՝ հայտնվելով փլեյ-օֆֆում: 24 տարի անց այդ սխրանքը կրկնեց արդեն Կեյլոր Նավասը՝ ֆանտաստիկ սեյվերով իր երկրի ազգային հավաքականին հասցնելով քառորդ եզրափակիչ արդեն ԱԱ-2014-ում: Բրազիլիայում կայացած մրցաշարը հրաշալի հարթակ էր դարպասապահի համար՝ իր լավագույն որակները դրսևորելու և իր մասին լսեցնելու համար: 

Այդ մրցաշարի ավարտից անմիջապես հետո Կեյլոր Նավասի հետ պայմանագիր կնքեց «Ռեալը»։ Չնայած Մադրիդում սկզբնական դժվարություններին՝ Նավասը հասավ անհավանական նվաճումների: 3 անգամ անընդմեջ Կեյլորը դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող՝ որպես թիմի հիմնական կազմի դարպասապահ: 

Կեյլոր Նավասը Կոստա Ռիկայի ավագն է, առաջատարն ու վետերանը, որն իր կարիերայում տեսել է գրեթե ամեն ինչ: ՊՍԺ-ի դարպասապահի որակները չեն կորել. նա շարունակում է մեկը մյուսից անհավանական սեյվեր կատարել: Կեյլորի լավագույն կողմերն են ռեակցիան, ինքնավստահությունը և ամուր բնավորությունը: 35-ամյա դարպասապահը Կոստա Ռիկայի հույսն ու հավատն է Կատարում կայանալիք մրցաշարում:

Կեյլոր Նավաս

Կոստա Ռիկայի հավաքականում կարելի է առանձնացնել նաև որոշ երիտասարդների: «Լոս Տիկոսի» նոր սերնդի «ոսկե տղան» անգլիական «Սանդերլենդի» 18-ամյա Ջյուիսոն Բենեթն է: Նրան արդեն համեմատում են երկրի լավագույն ֆուտբոլիստներից մեկի՝ Ժոել Քեմփբելի հետ: Բենեթը փայլեց որակավորման փուլում, ցույց տվեց իր տաղանդը, արագությունն ու հնարքները: Նա դեռ շատ աճելու տեղ ունի, և Կատարում կայանալիք մրցաշարը դրա համար շատ լավ հնարավորություն է: 

Մեկ այլ տաղանդավոր ֆուտբոլիստ է 19-ամյա Բրենդոն Ագիլերան, որին գնեց անգլիական մեկ այլ ակումբ՝ «Նոթինգեմ Ֆորեսթը»:

Սպասելիքները

Որակավորման փուլի երկրորդ հատվածը որոշակի հույսեր է ներշնչում կոստառիկացիներին առաջիկա մրցաշարին ընդառաջ: Եթե թիմի հարձակման վիճակագրությունը չի տպավորում, ապա պաշտպանությունում Կոստա Ռիկան իրեն շատ լավ է զգում, ու հավանաբար հիմնվելու է հենց թիկունքն ամուր պահելու վրա: 

Ինչպես 2014-ին, այնպես էլ հիմա Կոստա Ռիկայի հավաքականն ընդգրկված է շատ բարդ խմբում, որտեղ մրցակիցներն են Գերմանիայի, Իսպանիայի ու Ճապոնիայի հավաքականները: Սուարեսի թիմի առավելությունն իր մրցակիցների նկատմամբ առանց որևէ ճնշման խաղալու հանգամանքն է: Կոստա Ռիկայից սպասելիքները մեծ չեն։ Խմբի «անդրդոգն» արդեն գիտի՝ ինչ է նշանակում զարմացնել աշխարհին, և ինչ է նշանակում պատժել իրենց թերագնահատողներին: Կկարողանա՞ «Լոս Տիկոսը» կրկնել 2014-ի հերոսությունը...

Կարդացեք նաև՝

ԱԱ-2022-ի մասնակիցները. «Տերանգայի առյուծները» սպառնում են դառնալ մրցաշարի անակնկալը 

ԱԱ-2022-ի մասնակիցները. Երիտասարդներով և աստղային վետերանով թիմը մտադիր է կրկին պատմություն կերտել 

ԱԱ-2022-ի մասնակիցները. Լևանդովսկին ու ընկերները խառնելու են հսկաների խաղաքարտերը 

ԱԱ-2022-ի մասնակիցները. Նիդերլանդները 8 տարի անց նույն մարզչի հետ կփորձի սխրանք գործել
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա