Logo

ԱԱ-2022-ի մասնակիցները. Նիդերլանդները 8 տարի անց նույն մարզչի հետ կփորձի սխրանք գործել

Հեղինակ
Արամ Սահակյան
13:04 / 08.11.2022ՍՊՈՐՏ
Բացառիկ
Նիդեռլանդների հավաքական

VNews-ը շարունակում է ներկայացնել Կատարում նոյեմբերի 20-ին մեկնարկելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին: Հերթը մոլորակի ամենասպասված ֆուտբոլային մրցաշարի գլխավոր «անհաջողակինն» է: Նիդերլանդների հավաքականը 3 անգամ խաղացել է Մունդիալի եզրափակիչներում, բայց երբեք չի ճաշակել աշխարհի չեմպիոն դառնալու քաղցրությունը: Սա եզրափակիչներում առանց հաղթանակների ամենաերկար շարքն է Մունդիալի պատմության մեջ: 

Անցած ճանապարհ

Նիդերլանդների հավաքականն աշխարհի առաջնության որակավորման փուլը սկսեց Ֆրանկ դե Բուրի գլխավորությամբ, իսկ մրցաշարի ավարտին ազգային թիմն արդեն առաջնորդում էր Լուի վան Գալը: Խմբում մրցակիցներն էին Թուրքիայի, Նորվեգիայի, Չեռնոգորիայի, Լատվիայի ու Ջիբրալթարի հավաքականները: «Նարնջագույնները» որակավորման մրցաշարի միակ պարտությունը կրեցին առաջին տուրում՝ 2-4 հաշվով զիջելով Թուրքիային: Դրանից հետո Նիդերլանդները հաստատեց խմբում ֆավորիտի կարգավիճակն ու վստահորեն զբաղեցրեց առաջին տեղը՝ 10 խաղում վաստակելով 23 միավոր: Առաջին տուրից հետո կայացած 9 խաղերում նրանք նույնքան գոլ բաց թողեցին, որքան Թուրքիայի հետ մեկնարկային տուրի խաղում: Պաշտպանությունում առաջին խաղում առկա խնդիրները աստիճանաբար կարգավորվեցին: Նիդերլանդները ցավալի պարտությունից հետո նաև տպավորիչ ռևանշի հասավ՝ տանը թուրքերին հաղթելով 6-1 հաշվով:  

Նիդեռլանդների հավաքական-1

Խաղաոճ-տակտիկա

Նիդերլանդների հավաքականը տակտիկապես շատ ճկուն թիմ է: Ֆրանկ դե Բուրի ժամանակ նրանք գերազանցապես խաղում էին 3-4-3 խաղային սխեմայով: Լուի վան Գալը որակավորման փուլի խաղերում և Ազգերի լիգայի հանդիպումների ժամանակ պահեց այս գիծը: Սակայն մասնագետներն ու փորձագետները ամենևին էլ անակնկալի չեն գա, եթե բազմափորձ մասնագետը նախընտրի Մունդիալի ընթացքում խաղալ իր հին ու բարի 4-3-3-ով: 

Վան Գալն իր տրամադրության տակ ունի խաղացողների, որոնք եզրի ամբողջ երկայնքով կարող են հրաշալի խաղալ: Այդ պատճառով էլ թերևս ավելի օպտիմալ է թվում 3 պաշտպանով ու երկու լատերալներով սխեման: Աջ եզրում Վան Գալն ունի փայլուն տարբերակ ի դեմս Դենզել Դյումֆրիսի: Նա նախորդ խոշոր մրցաշարի՝ Եվրո-2020-ի բացահայտումներից էր: Ձախից կարող է խաղալ Թայրել Մալասիան, որը Էրիկ տեն Հագի գլխավորությամբ, կարծես թե, ընտելացել է «Մանչեսթեր Յունայթեդում» ու շատ խաղաժամանակ է ստանում: Թե՛ աջից, թե՛ ձախից կան նաև այլ տարբերակներ. Դեյլի Բլինդ, Յուլիան Տիմբեր: Նրանց ներկայությունը մանևրելու հնարավորություն է տալիս Վան Գալին: 

Նիդեռլանդների հավաքական-2

Հոլանդացի մարզիչը փորձելու է պահել նիդերլանդական ֆուտբոլին բնորոշ տարրերը խաղում: Այս հավաքականը պետք է խաղա գնդակով: Դրա համար նրանք ունեն հրաշալի խաղարկողներ: Գնդակի վերահսկողություն, կոմբինացիոն ու գեղեցիկ ֆուտբոլ. ահա, թե ինչ կարելի է սպասել Նիդերլանդների հավաքականից:  

Մարզիչը

Լուի վան Գալը Նիդերլանդների հավաքականի հետ պատմություն կերտած մասնագետ է: Երկրպագուները միանգամից հիշում են Մունդիալ-2014-ը: Աշխարհի փոխչեմպիոնի կարգավիճակում այդ մրցաշարին մոտեցած հավաքականը հրաշալի խաղաց՝ ճանապարհին քարուքանդ անելով գործող չեմպիոն Իսպանիային: 

Նիդեռլանդների հավաքական-3

Նիդերլանդները երկար ճանապարհ անցավ ու պայքարից դուրս մնաց միայն կիսաեզրափակիչում, այն էլ՝ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում Արգենտինայից կրած պարտության պատճառով: Այս ամենը հիշեցրինք պարզ նպատակով. Վան Գալի թիմը Մունդիալում կարող է շատ երկար գնալ: Այս բազմափորձ մասնագետին թերևս շատերն էին հաշիվներից հանել: Սակայն Նիդերլանդների զորեղ, բազմափորձ ֆուտբոլիստներով ու տաղանդաշատ երիտասարդներով համալրված հավաքականը կարող է հին-նոր գլխավոր մարզչի հետ շատ հեռուն գնալ այս մրցաշարում: Մարզչի փորձը կարող է շատ մեծ դեր խաղալ: 

Գլխավոր աստղը

Նիդերլանդների հավաքականում ընդգծված աստղ չկա: Ընտրությունն էլ փոքր չէ, սակայն երկար քննարկումներից հետո այն կանգ առավ «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյքի վրա: «Լիվերպուլի» պաշտպանը բաց է թողել Նիդերլանդների կազմում նախորդ խոշոր մրցաշարը՝ Եվրո-2020-ը: Այնտեղ Նիդերլանդները պայքարից դուրս մնաց 1/8 եզրափակիչում՝ զիջելով Չեխիային: Այդ խաղում հենց կարմիր քարտի պատճառով դաշտից հեռացվեց Վան Դեյքի կոլեգա Մատեյս դե Լիխտը, որն էլ ըստ տրամաբանության՝ պետք է առաջնորդեր Նիդերալդների պաշտպանողական գիծն այդ մրցաշարում: 

Հիմա իրավիճակն այլ է: Վան Դեյքը լինելու է թիմում: Սա ոչ միայն խաղային, այլ նաև հոգեբանական առավելություն է թիմի համար: Նա թիմի ավագն է: Նրա ներկայությունը թիմում վիթխարի նշանակություն ունի: Վան Դեյքն անցած տարի հրաշալի մրցաշրջան անցկացրեց «Լիվերպուլի» կազմում: Այս տարի ևս նրա տպավորիչ խաղը պահպանվում է: «Լիվերպուլի» պաշտպանությունում առկա խնդիրներն ավելի շատ գալիս է աջ եզրից, իսկ պաշտպանության կենտրոնում բացերը պայմանավորված էին Իբրահիմա Կոնատեի և Ժոել Մատիպի վնասվածքներով: 

Նիդեռլանդների հավաքական-4

Վան Դեյքը պաշտպանության կենտրոնում հավանաբար կխաղա Մատեյս դե Լիխտի և Նաթան Ակեի հարևանությամբ: Թե՛ դե Լիխտը, թե՛ Ակեն լավ տպավորություն են թողնում այս մրցաշրջանում: Կա նաև Ստեֆան դե Վրեյի տարբերակը: Նիդերլանդների հավաքականում կարող է խնդրահարույց լինել դարպասապահի դիրքը: Այդ պատճառով նրա դիմաց խաղացող պաշտպաններից և այդ պաշտպանության առաջատարից շատ բան է կախված լինելու: Վան Դեյքն իր ֆուտբոլային հզոր կարգավիճակը հաստատելուց հետո առաջին անգամ է առաջնորդելու իր երկրի ազգային թիմին նման խոշոր մրցաշարում: 

Հավաքականում կա նաև Ֆրենկի դե Յոնգը, որը ևս կարող էր լինել գլխավոր աստղը: Սակայն նրա շուրջ ստեղծված իրավիճակը, անկայուն խաղաժամանակը ստիպում են ընտրել Վան Դեյքին: Թեպետ, կարծես թե, բնական երևույթ է դառնում, երբ Ֆրենկին հավաքականին միանալուց հետո էլ ավելի տպավորիչ ֆուտբոլ է սկսում ցուցադրել: Գուցե «Բարսելոնայի» կազմում քիչ խաղաժամանակ ստանալը դրական «հետևանք» ունենա, ու Դե Յոնգը ավելի թարմ վիճակում միանա ազգային թիմին: 

Սպասելիքները 

Նիդերլանդների հավաքականը Մունդիալին մոտենում է առանց Ջինի Վեյնալդումի: Եթե սա լիներ Եվրոյի ժամանակ, ապա դա լրջագույն կորուստ կլիներ: Սակայն հիմա Վեյնալդումի բացակայությունը Նիդերլանդներում դժվար թե զգան: Թիմում կան բազմաթիվ երիտասարդ, հեռանկարային խաղացողներ: Կոդի Գակպոն հրաշալի մրցաշրջան է անցկացնում ՊՍՎ-ի կազմում: Նրա հետ նույն թիմում խաղացող Խավի Սիմոնսը ևս խաղային մեծ աճ է գրանցել: Պաշտպանության մասին արդեն խոսել ենք: Դաշտի միջին գծում կան Դե Յոնգը, Գրավենբերխը, Կուպմեյներսը: Այսպիսի կազմով Նիդերլանդները կարող է շատ հեռուն գնալ: 

Նիդեռլանդների հավաքական-5

2018 թվականին Նիդերլանդները բաց թողեց Մունդիալը: Նրանք այս մրցաշարին ժամանելու են մեծ ցանկությամբ ու խմբում ֆավորիտի կարգավիճակում: Մրցակիցներն են Կատարը, Սենեգալը և Էկվադորը: Այս խմբից նրանք պետք է որ հեշտությամբ դուրս գան: 

Նիդերլանդների հավաքականից սպասելիքները մեծ են: Նրանք կարող են շատ հեռուն գնալ, բայց և կարող են Եվրոպայի առաջնության պես շուտ լքել մրցաշարը: Սակայն ակնհայտ է, որ Լուի վան Գալի առաջնորդությամբ ու այսպիսի ուժեղ կազմով Նիդերլանդները կարող է շատ հաճելի ֆուտբոլ խաղալ ու զարդարել Մունդիալը: 

Կարդացեք նաև՝

ԱԱ-2022-ի մասնակիցները. «Տերանգայի առյուծները» սպառնում են դառնալ մրցաշարի անակնկալը 

ԱԱ-2022-ի մասնակիցները. Երիտասարդներով և աստղային վետերանով թիմը մտադիր է կրկին պատմություն կերտել 

ԱԱ-2022-ի մասնակիցները. Լևանդովսկին ու ընկերները խառնելու են հսկաների խաղաքարտերը
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա