Logo

Կարծիք. Մբապեն Ռոնալդու կամ Մեսի լինելու փոխարեն ընտրեց Նեյմար լինելու տարբերակը

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
04:57 / 22.05.2022ՍՊՈՐՏ
null

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն նոր՝ 3 տարվա պայմանագիր է կնքել փարիզյան ակումբի հետ՝ խորապես հիասթափեցնելով «Ռեալի» երկրպագուներին ու ղեկավարությանը:

Իսպանական Marca-ի լրագրող Սանտի Սիգերոն իր կարծիքն է արտահայտել տեղի ունեցածի վերաբերյալ, որը թարգմանաբար ներկայացնում ենք ստորև:

«Կիլիան Մբապեն արեց այն, ինչ կաներ սովորական մահկանացուներիս 99 տոկոսը. նա ընտրեց փողը: Խոսքը, սակայն, պարզապես փողի մասին չէ: Բառացիորեն անհերքելի է, որ նա դառնում է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկը՝ շատ առաջ մյուսներից: Դրան գումարած՝ նրան տրվում է Football Manager գերիրական խաղ, որի միջոցով նա որոշումներ կայացնելու իրավունք ունի ՊՍԺ-ի բոլոր ոլորտներում:

Այսքանն առայժմ շատ ընդունելի է ու հասկանալի...

Մարզական տեսանկյունից այս ամենը վաստակ չունի: Նա ընտրեց լինել Նեյմար՝ մկան գլուխ, ոչ թե Կրիշտիանու Ռոնալդու կամ Լիոնել Մեսի, որոնք առյուծի ատամ էին: Ապշեցուցիչ է, որ այդքան մոտ լինելով բրազիլացուն՝ նա չի նկատել, օրինակ, Լիոնել Մեսիին, որը մինչև «Պարկ դե Պրենսում» կարիերայի մայրամուտը վայելելը, լեգենդար կարիերա է անցկացրել «Բարսելոնայում»: Կամ Սերխիո Ռամոսին՝ «Ռեալի» կազմում Եվրոպայի քառակի չեմպիոնին, որը նույնպես «ոսկե ծերությունն» է վայելում ՊՍԺ-ում: Իր կուռքին՝ Կրիշտիանու Ռոնալդուին, որը մեկ անգամ չէ, որ մերժել է ՊՍԺ-ին, սակայն Չեմպիոնների լիգայի ու «Ոսկե գնդակի» հնգակի պարգևներից հետո գուցե տեղափոխվի այնտեղ: 

Մբապեն չի կարող: Նա ընտրել է պլեքսիգլաս նախագիծ՝ շատ փայլերով, Էյֆելյան Աշտարակով, իր «եղբայր» Էմանուել Մակրոնի հետ վեհ լուսանկարներով և շատ նավթային փողերով: Բայց վստահորեն կարելի է ասել, որ Մբապեն կհեռանա ավելի քիչ եվրագավաթներով, քան Նաչո Ֆերնանդեսը, որն օրինակելի կարիերայի մայրամուտին կարող էր Չեմպիոնների լիգայում իր 5-րդ գավաթը նվաճել ՊՍԺ-ի կազմում: Միգուցե Մբապեն չհասցնի հասնել նույնիսկ Խեսուս Վալյեխոյին: 

Նա մնում է Լիգա 1-ում՝ խաղալու «Մեցի», «Անժեի», «Բրեստի» և «Լորյանի» դեմ: Շատ հարգելի, բայց, անկասկած, անհամարժեք իր երազանքին, այն է՝ լավագույնը լինել աշխարհում: Չի թվում, թե ՊՍԺ-ն լավագույններից է՝ այդ երազանքին հասնելու համար, եթե նույնիսկ ձայնի իրավունք ունես նոր մարզչի ու ֆուտբոլիստների ընտրության հարցում:

Այդ առումով Մադրիդի «Ռեալը» կարծես շատ ավելի բարենպաստ միջավայր ունի: Իսկապես, հաջորդ շաբաթ օրը, երբ Մբապեն գնա ընթրիքի իր փաստաբան Ֆայզա Լամարիի, խորհրդականների, թվիթերյան ընկերների, մերձավորների ու Սուրբ Հոգու հետ, նրա անձի բացակայությամբ «Ռեալը» կարող է հասնել Չեմպիոնների լիգայի 14-րդ գավաթին: 

Գուցե այդ ժամանակ նա նորից մտափոխվի»,- գրել է Սանտի Սիգերոն:

Ինչ է ասել Ֆլորենտինո Պերեսը Մբապեին՝ լսելով ֆուտբոլիստի՝ ՊՍԺ-ում մնալու որոշումը

Մբապեի գրառումը «Մեցի» դեմ խաղից հետո

Մբապեի հեթ-տրիկն ու «Մեցի» ջախջախումը «Պարկ դե Պրենսում»

Մբապեն մեկնաբանել է ՊՍժ-ի հետ նոր պայմանագիր կնքելու որոշումը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա