Logo

ԱԱ-2022-ի մասնակիցները. Մունդիալի ամենաերիտասարդ ու ամենաանփորձ թիմը գալիս է պատմություն գրելու

Հեղինակ
Արամ Սահակյան
17:25 / 09.11.2022ՍՊՈՐՏ
Բացառիկ
Միացյալ Նահանգների հավաքական

VNews-ը շարունակում է ներկայացնել Կատարում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին: Այս անգամ հերթը մրցաշարի ամենաերիտասարդ կազմ ունեցող հավաքականինն է: Միացյալ Նահանգների ազգային թիմը 2018-ին Ռուսաստանում կայացած Մունդիալը բաց է թողել: Կատարում նրանց կազմը ամենաերիտասարդն է լինելու, բայց, միևնույն ժամանակ, ամենաանփորձը խոշոր մրցաշարերում: 

Անցած ճանապարհ

Կենտրոնական և Հյուսիսային Ամերիկայի որակավորման փուլում ԱՄՆ-ի հավաքականը պայքարը սկսեց երրորդ շրջանից: Դա պայմանավորված է բարձր վարկանիշով: Մրցաշարի մեկնարկային հատվածում կար որոշակի լարվածություն: Դա թերևս կարելի է պայմանավորել հենց երիտասարդ ու անփորձ կազմի առկայությամբ: Բայց Գրեգ Բերհալթերի թիմն աստիճանաբար սկսեց տպավորիչ ֆուտբոլ ցույց տալ: 

Միացյալ Նահանգների հավաքական-1

Մրցաշարի ընթացքում հասկանալի էր դառնում, որ Միացյալ Նահանգները հեշտությամբ ապահովելու է տեղը Մունդիալ-2022-ում: Երկրպագուների շրջանում կար խուճապ: Սրա մասին շատ էր գրում նաև մամուլը: Սակայն ամերիկացիները խուսափեցին երկրորդ անընդմեջ Մունդիալը բաց թողնելուց: Կենտրոնական ու Հյուսիսային Ամերիկային տրված երեք ուղիղ ուղեգրերի համար գլխավոր ֆավորիտներն էին Կանադան, Մեքսիկան ու հենց ԱՄՆ-ը: Այս երեք հավաքականներն էլ նվաճեցին խմբային փուլի ուղեգիր: Բերհալթերի հետ ԱՄՆ-ը վերադառնում է աշխարհի առաջնություն: 

Խաղաոճ-տակտիկա

Միացյալ Նահանգների հավաքականի գլխավոր մարզիչ Գրեգ Բերհալթերը կիրառում է 4-3-3 խաղային սխեման: Սակայն հստակ խաղային համակարգ ու տակտիկա այս հավաքականը չունի: Սա ԱՄՆ-ի հավաքականին ավելի անկանխատեսելի է դարձնում: Իր աշխարհամասում ԱՄՆ-ը խաղերը գրեթե միշտ սկսում է ֆավորիտի կարգավիճակում, ու փորձում է լինել նախաձեռնողի դերում: Բայց ինչ պատկեր կստանանք, եթե հերթը հասնի թոփ հավաքականների հետ խաղին. բարդ է ասել: 

Միացյալ Նահանգների հավաքական-2

Միացյալ Նահանգների կազմի թույլ կողմը, երևի թե, կենտրոնական հարձակվողի դիրքն է: ԱՄՆ-ը տաղանդաշատ բազմաթիվ ֆուտբոլիստներ ունի, բայց այս դիրքը, կարծես թե, բաց է մնում: Այստեղ շատ հաճախ Բերհալթերն օգտագործում է Ժեզուս Ֆերեյրային, որն իր ակումբում «Դալասում» առավել հաճախ խաղում է ենթահարձակվողի դիրքում: Չունենանով կենտրոնական ընդգծված հարձակվողի՝ Բերհալթերը մշտապես կիրառելու է 4-3-3-ը, որտեղ կենտրոնական հարձակվողի դիրքում շատ հաճախ կարող են հայտնվել նաև եզրային ֆուտբոլիստները: 

Մարզիչը

Գրեգ Բերհալթերը Միացյալ Նահանգների գլխավոր մարզչի ղեկին բավականին երկար ճանապարհ անցավ մինչև Մունդիալում հայտնվելը: Նա այդ պաշտոնում նշանակվել է 2018 թվականի դեկտեմբերին: Ամերիկացի մասնագետն ապացուցեց, որ կարողանում է լավ աշխատանք տանել երիտասարդների հետ: Միացյալ Նահանգների այս կազմը գրեթե ամբողջությամբ տարբերվում է այն թիմից, որը չնվաճեց Մունդիալ-2018-ի ուղեգիր: Սա ամբողջությամբ նոր թիմ է, նոր անուններով ու նոր նպատակներով: 

Միացյալ Նահանգների հավաքական-3

Բերհալթերը պնդում է, որ Միացյալ Նահանգների հավաքականը չի գնում Կատար պարզապես զբոսնելու: Մունդիալում որակավորվելուց հետո նրան նույնիսկ հարց ուղղեցին հնարավոր չեմպիոնության մասին, ինչին ի պատասխան հնչեց հետևյալ նախադասությունը. «Իսկ ինչո՞ւ ոչ»:  Շատ լավ է, երբ թիմի ղեկին այսպիսի նպատակասլաց մասնագետ է, թեպետ այդ նպատակը առավել քան անիրական է թվում: 

Գլխավոր աստղը

ԱՄՆ-ի հավաքականի գլխավոր աստղը Քրիստիան Պուլիշիչն է, բայց այս հատվածում չենք կարող չխոսել նաև մյուս հնչեղ անունների մասին: Պուլիշիչի խաղում որոշակի անկում կա: Անցած մրցաշրջանում «Չելսիում» Թոմաս Տուխելի օրոք նա շատ հաճախ էր մնում պահեստային նստարանին: Այս մրցաշրջանի մեկնարկում ևս Տուխելը անդավաճան էր իր որդեգրած քաղաքականությանը: 

Մարզչական փոփոխությունից հետո Պուլիշիչը սկսեց խաղաժամանակ ստանալ անգլիական ակումբում: Սակայն Գրեհեմ Փոթերն էլ առայժմ կազմի հարցում չի կողմնորոշվում, ինչի պատճառով ստացվում է՝ քչերն են կայուն խաղաժամանակ ստանում: 

Միացյալ Նահանգների հավաքական-4

Անկախ ամեն ինչից, Պուլիշիչն է գլխավոր աստղը, ու նա է փորձելու առաջնորդել այս երիտասարդ թիմին: Միացյալ Նահանգների կազմն այնքան երիտասարդ է, որ թիմի ավագը հենց 24-ամյա Պուլիշիչն է: Եղած ֆուտբոլիստներից նա ամենամեծ փորձն ունի, ու այդ փորձով կիսվելու է իր թիմակիցների հետ: 

Ամերիկյան թիմում այլ խաղացողներ էլ կան, որոնք եվրոպական գրանդ ակումբների կազմում ունեն իրենց հաստատուն տեղը: Կարելի է առանձնացնել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջիովանի Ռեյնային, «Յուվենտուսի» կիսապաշտպան Ուեսթոր Մակքենիին, «Միլանի» պաշտպան Սերժինիո Դեստին ու «Վալենսիայի» կիսապաշտպան Յունուս Մուսային: Կան նաև այլ հեռանկարային խաղացողներ՝ Թայլոր Ադամս, Ջո Սկալի, Տիմոտի Վեա, Ռիկարդո Պեպի: Դարպասապահի դիրքում էլ Մեթ Թերներն է Լոնդոնի «Արսենալից»: Այն փաստը, որ անգլիական ակումբն այս ամռանը գնեց նրա տրանսֆերը, շատ բանի մասին է խոսում: Անցած տարի «Զինագործների» շարքը համալրեց երիտասարդ անգլիացի Աարոն Ռեմսդեյլը: Բայց չնայած նրա ներկայությանը՝ «Արսենալը» գնաց Մեթ Թերներին գնելու ճանապարհով: Սա շատ բանի մասին է խոսում:  

Սպասելիքները

ԱՄՆ-ի հավաքականն ընդգրկված է B խմբում: Մրցակիցներն են Անգլիայի, Իրանի և Ուելսի հավաքականները: Ստացվում է անգլիախոս երկրների խումբ, որում կա նաև Իրանը: Այստեղ թղթի վրա ֆավորիտներն Անգլիան ու Միացյալ Նահանգներն են: Թեպետ անգլիացիները լրջագույն ճնշման ներքո են: Նրանք Ազգերի լիգայում սարսափելի խաղացին ու նահանջեցին B լիգա: Գարեթ Սաութգեյթին չի քննադատում միայն ամենաալարկոտ անգլիացի ֆուտբոլասերը: Այս ամենի պայմաններում «Երեք առյուծների» ուսերին մեծ բեռ է լինելու: 

Միացյալ Նահանգների հավաքական-5

Հաջորդ փուլի ուղեգրի համար կռիվ են տալու նաև մյուս երկու թիմերը: Իրանը Մունդիալներում խաղալու հսկայական փորձ ունի, ինչը կարող է օգնել: Իսկ Ուելսը 64 տարվա դադարից հետո է վերադառնում աշխարհի առաջնության խմբային փուլ: Մեծ հավանականությամբ սա նրանց գլխավոր աստղի՝ Գարեթ Բեյլի միջազգային վերջին մրցաշարն է, գուցե նաև՝ կարիերայինը: Այնպես որ, նրանք ևս ամեն ինչ անելու են հաջող ելույթ ունենալու համար: 

ԱՄՆ-ից պետք է ակնկալել անկաշկանդ, գրավիչ ֆուտբոլ: Նրանք այս խմբում բոլորի հետ էլ հավասարը հավասարի կարող են կռիվ տալ: Մունդիալի ամենաերիտասարդ թիմը խաղալու է մեծ ցանկությամբ: Այստեղ ֆուտբոլիստներ են, որոնք ապացուցելու շատ բան ունեն: Նրանք կարիերայում առաջին անգամ են խաղալու այսպիսի խոշոր մրցաշարում, որին հետևելու է ամբողջ աշխարհը: 

1990-ից մինչև 2014 թվականները Միացյալ Նահանգները մասնակցեց 7 անընդմեջ Մունդիալի: Լավագույն արդյունքն այդ ժամանակահատվածում 2002-ին էր, երբ նրանք հասան քառորդ եզրափակիչ ու զիջեցին Գերմանիային: Ռուսաստանյան Մունդիալը բաց թողնելուց հետո երիտասարդ ու կրակոտ թիմը վերադառնում է աշխարհի առաջնությունում նոր պատմություն գրելու նպատակով: 

Կարդացեք նաև՝

ԱԱ-2022-ի մասնակիցները. «Տերանգայի առյուծները» սպառնում են դառնալ մրցաշարի անակնկալը 

ԱԱ-2022-ի մասնակիցները. Երիտասարդներով և աստղային վետերանով թիմը մտադիր է կրկին պատմություն կերտել 

ԱԱ-2022-ի մասնակիցները. Լևանդովսկին ու ընկերները խառնելու են հսկաների խաղաքարտերը 

ԱԱ-2022-ի մասնակիցները. Նիդերլանդները 8 տարի անց նույն մարզչի հետ կփորձի սխրանք գործել 

ԱԱ-2022-ի մասնակիցները. Կոստա Ռիկան մտադիր է կրկնել 2014-ի հերոսությունը
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա