Logo

Հովհաննես Բաչկովը շնորհավորել է մարզաշխարհի մարդկանց և խոսել առաջիկա ծրագրերից

Հեղինակ
Հրայր Նազարյան
18:13 / 06.04.2022Հարցազրույցներ
Բացառիկ
Hovhannes Bachkov 1

Այսօր Սպորտի միջազգային օրն է, որը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ նշվում է 2013 թվականից և պաշտոնապես կոչվում է Սպորտի միջազգային օր՝ հանուն զարգացման և խաղաղության։ Այդ առիթով VNews-ի հետ զրույցում մարզաշխարհին շնորհավորել է բռնցքամարտի Օլիմպիական խաղերի, աշխարհի առաջնությունների(3) բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, Եվրոպական խաղերի հաղթող Հովհաննես Բաչկովը։

«Շնորհավորում եմ բոլոր մարզիկներին, մարզաշխարհի ներկայացուցիչներին մասնագիտական տոնի առթիվ։ Բոլորին մաղթում եմ առողջություն և նորանոր հաջողություններ։ Սպորտում միշտ հաղթում է ուժեղը. թող միշտ էլ այդպես լինի»,- VNews-ին հայտնեց Հովհաննես Բաչկովը։

Մեր զրուցակիցը նշեց, որ իր առաջիկա ծրագրերում հստակություն դեռ չկա։ Կարևոր հարցերի պատասխաններն սպասվում են շուտով։ «Առաջիկա ամիսներին պետք է պրոֆեսիոնալ բռնցքամարտի նոր մենամարտեր անցկացնեմ, սակայն դրանց ժամկետը դեռ պարզ չէ։ Այդ առումով բաց է մնում նաև մայիսին Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը մասնակցությանս հարցը»,- մանրամասնեց մարզիկը։

Անդրադառնալով մարտին Դուբայում անցկացրած պրոֆեսիոնալ մենամարտում արգենտինացի Կրիստիան Կորիայի նկատմամբ հաղթանակին՝ Բաչկովն ասաց, որ այն արդարացրեց իր սպասելիքները. «Գոհ եմ. ամեն ինչ ստացվեց այնպես, ինչպես նախատեսել էի։ Մենամարտեցի փորձառու, շատ հանդիպումներ անցկացրած և բարձր վարկանիշ ունեցող բռնցքամարտիկի հետ։ Ձգտելու եմ հաջորդ մենամարտն անցկացնել ավելի բարձր վարկանիշով մրցակցի հետ, որպեսզի իմ վարկանիշն էլ բարելավեմ և պայքարեմ արդեն չեմպիոնական գոտու համար։ Անշուշտ, գլխավոր նպատակս է մեծ բարձունքների հասնել պրոֆեսիոնալ բռնցքամարտում»,- ընդգծեց 29-ամյա գյումրեցին։

Բաչկովը հայտնեց նաև, որ առայժմ իր օրակարգում է մնում նաև 2024 թվականի Օլիմպիական խաղերին մասնակցելը, իսկ մնացածը ցույց կտա ժամանակը։

Ընթերցեք նաև՝

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա